Կազակների գերեզմանները Ստեփանավանում

Կոորդինատներ՝ 40.9961574N, 44.3797409E

Ստեփանավանում կազակությունը երևան է եկել XIX դարի սկզբին, քանի որ ռուս-պարսկական սահմանգիծն անցնում էր Շիրակով և Լոռիով. կազակային զորքերը սահմանն էին պահում: Շատերը վերաբնակվեցին այստեղ ընտանիքներով՝ հիմնելով մի քանի գյուղ: Ստեփանավանում մասնակիորեն պահպանվել է մի քանի գերեզման:

Կազակությունն Անդրկովկասում հայտնվել է դեռևս XVIII դարում ռուսական զորքի կազմում Պյոտր I-ի Կասպիական արշավանքի ժամանակ: Իշխան Ցիցիանովի 1804թ. Երևանյան արշավանքի ժամանակ արշավային կորպուսի կազմում 350 գծային կազակ կար: 1807թ. Ռուսաստանի և Պարսկաստանի միջև սահմանագիծն անցնում էր Շիրակով և Լոռիով: Երկրամասը պաշտպանող զորքը բաղկացած էր 500 ռազմիկից բաղկացած Դոնի կազակական գնդից, Թիֆլիսի գնդի երկու գումարտակից և կարաբիներների երկու ջոկատից: Սակայն XIX դարի պատերազմներն (1826-1828թթ. ռուս-պարսկական և 1828-1829թթ. ռուս-թուրքական) իրենց ազդեցությունը թողեցին զորքերի հետակա վերադասավորման վրա ինչպես Անդրկովկասում, այնպես և Հայաստանում:

Ծառայությունն Անդրկովկասում, որը կապված էր մարտական գործողությունների հետ, կազակների մոտ համարվում էր անհրաժեշտ և հարգալից: Միևնույն ժամանակ ոչ բոլորն էին ցանկանում բնակվել օտար հողում: Այդ իսկ պատճառով կազակների մարտական ոգին բարձր պահելու համար Անդրկովկաս էին ուղարկվում կազակների ճանաչված հրամանատարները: Այսպես, XIX դարի 50-ական թվականներին այստեղ էր ծառայում Կովկասյան պատերազմի հերոս փառապանծ գեներալ Յակով Բակլանովը:

Երևանի նահանգում կազակները սկզբնական շրջանում բնակություն էին հաստատում ռուս վերաբնակիչների գյուղերում՝ Ջալալօղլիում, Պուշկինոյում, Նովոպոկրովկայում, մասամբ նաև Պրիվոլնոյեում, ինչպես նաև Նովոալեքսանդրովկա զինվորական գյուղում: Այս բնակավայրերում հաստատված գյուղացիները տեղափոխվել էին Սարատովի, Տամբովի, Վորոնեժի, Պոլտավայի, Պենզայի, Մոսկվայի և Խարկովի նահանգներից: 1858թ. կազակների 26 ընտանիք, տեղափոխվելով Արևելյան Հայաստան, հիմնեցին Նիկոլաևկա բնակավայրը:

Ստեփանավանի քաղաքային հին գերեզմանոցում պահպանվել է կազակների մոտ 100 գերեզման: Ցավոք այդ շիրիմները ծածկվել են մոլախոտով և դրանցից մի քանի տասնյակ տրամադրվել են նոր հուղարկավորությունների համար: